Երևան ուղևորվող և ՌԴ-ում վթարի ենթարկված ավտոբուսներն ապօրինի են եղել: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հորդորում եմ` ժողովրդին ուղղորդեք, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից»,- ասել է Մարտիրոսյանը, գրում է Aravot.am-ը:
Լրագրողները նախարարից հարցրել էին վերջին շրջանում ՌԴ-ում վթարի ենթարկված ավտոբուսներից: Նախարարն ասել է, որ դրանք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են եղել:
Միաժամանակ, նա վստահեցրել է, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում սահմանին, տոմսերի վաճառքի կետերում: Լրագրողներից մեկի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, նախարարը պարզաբանել է, որ իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման և ստուգումներ իրականացնում:
Մարտիրոսյանի խոսքով, պետք է ներդրվի էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում վերահսկողությունը կմեծանա:
Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:Պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր:
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել:





