ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Իրանի գիտության հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադը ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ստորագրված հուշագիրը երկարատև աշխատանքի արդյունք է, որն ընդգրկում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները:
«Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,- նշել է Մկրտչյանը:
Կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետության գիտական համայնքների միջև կապերը, տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Մասնավորապես, կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին նշել է. «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև:
Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»:
Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում:





