AM
31 Հուլիս 2017 - 10:51 AMT

«Դինքի ընկերներ». Երկիրն այն վիճակին է հասել, որ ձերբակալվում են իրավապաշտպանները

Ստամբուլում օգոստոսի 1-ին և 2-ին կշարունակվեն պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը:

Այս առիթով Ստամբուլում «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հանդես են եկել հատուկ կոչով՝ հիշեցնելով, որ իրենք հետևելու են դատական գործընթացին՝ մինչև չպատժվեն բոլոր մեղավորներն ու պատասխան չտան սպանության գլխավոր պատվիրատուները, հաղորդում է «Ակոսը»:

«Երկիրն այն վիճակին է հասել, որ ձերբակալվում են իրավապաշտպանները, մեր իրավունքը պաշտպանողները, իսկ ամեն օր իշխանամետ քարոզչական վերնագրերով լույս տեսնող բազմաթիվ թերթեր սևացնում են մեր երկրի մամուլի պատմությունը», -ասվում է հայտարարության մեջ:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: