Ֆրանսահայ բժիշկների միությունն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալել են Շիրակի մարզի 32 համայնքում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է մոտ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։
Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում նշել է.

«Արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարևորը՝ վերջին երկու տարում մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ Բանկն օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը։ Մեզ համար շատ կարևոր է, որ հենց հայաստանյան կազմակերպություններն աջակցեն այս ծրագրերին, քանի որ չենք ցանկանում գալ և ասել, որ ամեն ինչ գիտենք, միայնակ կարող ենք արդյունավետ ծրագիր իրականացնել․ Հայաստանի հայերի օգնության կարիքն ունենք»:
Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:





