Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ ԵԼՔխմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչման6 նախագծին:
Հանձնաժողովը դեմ է քվեարկել Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյանի անուններով անվանափոխելու նախագծերին: Միաձայն դեմ է քվեարկել հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության 11 անդամը: Որոշումը հիմնավորվել է հանրային կարծիքի ուսումնասիրության բացակայությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ տվյալ փողոցների անվափոխությունը նպատակահարմար չի համարվում՝ առաջարկելով նախագծում նշված անունների համար փնտրել այլ փողոցներ:
Միայն մեկ դեպքում էր, երբ ՀՀԿ ներկայացուցիչներից չորսը հրաժարվեցին նախապես որոշված քվեարկության տրամաբանությունից և ձեռնպահ մնացին Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով կոչելու նախագծին, ասվում է ԵԼՔ խմբակցության հաղորդագրության մեջ:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչները շեշտել են, որ այս դիրքորոշմամբ ՀՀԿ անդամները փորձում են խուսափել մայիսի 14-ին իրենց տրված մանդատն իրացնելու պատասխանատվությունից, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովի համար՝ իրեն վերապահված լիազորություններն իրացնելու, փորձ անելով հետաձգել հանրային լուրջ հնչեղություն ստացած հարցի լուծումը: ԵԼՔ խմբակցության անդամները նաև արձանագրել են, որ ՀՀԿ ներկայացուցիչների մի մասը չէր ուսումնասիրել առաջարկված նախագծերի հիմնավորումները` պարզապես ենթարկվելով խմբակցության` նախապես որոշված մարտավարությանը նախագծերը տապալելու ուղղությամբ:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում հանրային կարծիքի վերհանման մեխանիզմները քննարկելու վերաբերյալ՝ մասնավորապես տեղական հանրաքվե իրականացնելու միջոցով, որը որպես հանրային կարծիքի արտահայտման միջոց ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքով:
Այժմ նախագծերը պետք է օրակարգում ներառվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ համաձայն «Երևան քաղաքի կանոնակարգն ընդունելու մասին» Երևանի ավագանու որոշման սահմանված կարգով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համոզմաբ, մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու համար հանրային կարծիքի ուսումնասիրություն է պետք: «Պետք է հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք, մասնագետների հիմնավորում: Դրանցից հետո Հանրապետական խմբակցությունն իր կարծիքը կհայտնի: Մենք այդ առումով չենք վռազում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Տարոն Մարգարյանը:
Ընթերցեք նաև.Քաղաքապետը՝ փողոցներն անվանափոխելու մասին. «Չենք վռազում, հանրային քննարկում է պետք»





