AM
6 Սեպտեմբեր 2017 - 10:55 AMT

Բուզանդի փողոցի հուշարձան-շենքերը կներառվեն «Հին Երևան» նախագծում

«Հին Երևան» ծրագրում չներառված և ներկայումս ապամոնտաժված Բուզանդի փողոցի N97 և N25 հուշարձան-շենքերը կներառվեն նախագծում՝ ապահովելով դրանց վերականգնումը ծրագրով նախատեսված տարածքում: Որոշումն այդ մասին կայացվել է նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի արվեստանոցում և նրա մասնակցությամբ «Հին Երևան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման արդյունքում:

«Հին Երևան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման և լուծում տալու նպատակով` նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի արվեստանոցում և նրա մասնակցությամբ կայացել է միջգերատեսչական խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Ծրագրում ներառված տարածքի հետիոտն հատվածի վերին նիշի մակարդակում ապակեպատ ծածկույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից առաջարկվել է խնդրին անդրադառնալ ծրագրի հետագա իրագործման ընթացքում՝ այն թողնելով նախագծի հեղինակի և պատվիրատուի հայեցողությանը:

Ծրագրի հետագա իրականացման ընթացքում կառուցապատողները կառաջնորդվեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթներով, ասվում է Քաղշին կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ոլորտի այլ մասնագետներ: