Երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի օգտագործումն ավտոմեքենաներում Հայաստանում պարտադիր չէ: Ավելին՝ նման նստատեղերի մասին օրենքներում անգամ չի էլ հիշատակվում: Ավելին, համաձայն ՀՀ օրենքների, մեքենայում երեխային կարելի է անգամ չամրակապել:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ի 5-րդ կետի «բ» ենթակետը սահմանում է`«Մեխանիկական տրանսպորտային միջոցի … վարորդը … պարտավոր է կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին:
Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ, այս կետից բացի, գրեթե չի կարգավորվում տրանսպորտային միջոցներով մինչև 12 տարեկան երեխաների անվտանգ տեղափոխման հարցը: Միակ պայմանը՝ երեխան չի կարող նստել առջևի նստատեղին:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պարզաբանեց իրավիճակը.
«Զարգացած երկրներում ընդունված է, որ ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր ուղևորները պետք է լինեն ամրակապված: Սակայն ըստ մեր օրենսդության՝ ամրակապերի օգտագործումը պարտադիր է միայն առջևում նստողների՝ վարորդի և ուղևորի համար: Ըստ մեկ այլ օրենքի էլ՝ մինչև 12 տարեկան երեխաներին չի թույլատրվում նստել մեքենայի առջև նստատեղին: Ստացվում է, որ երեխաները պետք է նստեն հետևի նստատեղին, որտեղ էլ ամրակապումը պարտադիր պայման չէ: Հետևաբար՝ կարող են չամրակապվել»:
Նա նաև նշեց, որ օրենքը սահմանում է՝ «կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով», իսկ ՀՀ-ում դեռևս շահագործվում են հին սովետական մեքենաներ, որոնց կառուցվածքով ամրագոտիներ ընդհանրապես նախատեսված չեն, իսկ մեկ այլ օրենքով արգելվում է մեքենաներում կառուցվածքային փոփոխություններ անելը:
Ինչ վերաբերում է հատուկ նստատեղերին, որոնք վաղուց արդեն պարտադիր են զարգացած երկրներում իսկ վերջերս էլ դարձնան պարտադիր նաև ՌԴ-ում, Սերգեյը հաստատեց՝ ՀՀ օրենսդրությունը դրանց կիրառմանն ընդհանրապես չի անդրադառնում:





