AM
25 Սեպտեմբեր 2017 - 06:38 AMT

Արցախի կառավարության կառուցվածքը փոխվել է. Վարչապետի փոխարեն պետնախարարի պաշտոն է սահմանվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Նախագահի հրամանագրով փոխվել է կառավարության կառուցվածքը՝ վարչապետի պաշտոնը փոխարինվում է պետական նախարարի պաշտոնով, որը կզբաղեցնի Արայիկ Հարությունյանը:

ԱԳ նախարարի պաշտոնում Կարեն Միրզոյանին փոխարինել է Մասիս Մայիլյանը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ըստ նախագահի հրամանագրերի՝ սահմանվել է այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:

Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է: Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում:

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են նախագահի աշխատակազմի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները և կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ: