AM
26 Սեպտեմբեր 2017 - 13:05 AMT

Փոխնախարար. Նախարարությունը շտապ օգնությունը վճարովի դարձնելու մտադրություն չունի

Շտապ օգնություն ծառայությունը վճարովի դարձնելը առողջապահության նախարարության օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ առաողջապահության նախարարի ֆինանսական գծով տեղակալ Սամվել Մարգարյանը:

«Նման հայտարարությունները խոսակցության մակարդակում են, փաստաթղթային որևէ գործընթաց չկա», – ասել է Սամվել Մարգարյանը «Ազատությանը» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ շտապ օգնության որոշ ծառայություններ կարող են ՀՀ-ում դառնալ վճարովի: Նախարարը վկայակոչել էր Իսրայելի օրինակը՝ նշելով, որ այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելը, սրսկում կատարելը, զրուցելը, ջերմություն իջեցնելը և բոլոր այն կանչերը, որոնք ոչ շտապ կերպով պետք է կատարվեն, վճարովի են:

Վերջինս ընդգծել է, որ կանչերի վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս՝ դրանց 65 տոկոսը չեն մտնում շտապ օգնության չափորոշիչի մեջ:

«Ծառյությունները վճարովի դարձնելու մասով նախարարության օրակարգում չկա, խոսքը մտահոգության մասին է», – ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ այսպիսով փորձ է արվում ակտիվացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը, որպեսզի քրոնիկ հիվանդներն օրը մի քանի անգամ չզանգահարեն շտապ օգնություն, այլ՝ օգտվեն ընտանեկան բժշկի ծառայություններից: