«Վանաձոր» ՔԿՀ-ից սեպտեմբերի 28-ին ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Խաչիկյանն ազատվել է պատժի լրիվ կրումով, գրում է Yerkir.am-ը:
Ավելի վաղ Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր ՀՀ նախագահին, որը, փաստորեն, բավարարվել է:
Վազգեն Խաչիկյանը կալանավորվել է 2012-ին: Դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
Խաչիկյանը 5 տարի է անցկացրել անազատության մեջ: Նա և գործով անցնող մյուս պաշտոնյաները մեղավոր էին ճանաչվել 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում` պետությանը հասցվել էր ավելի քան 267.6 մլն դրամի վնաս:





