ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին:
Զրուցակիցները խոսել են, մասնավորապես, Հայաստանի մասնավոր ԲՈՒՀ-երի կրթական որակից։ Պրոֆեսոր Յացիվին նշել է, որ Հայբուսակ համալսարանն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12%-ն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել և աշխատելու իրավունք ստանալ: Այս ցուցանիշը չի գոհացնում: Պրոֆեսորը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով են Հայաստանի բժշկական կազմակերպություններն ընտրում լավագույններին:
Նախարար Լևոն Ալթունյանը համաձայնել է, որ կա խնդիր, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։
«Ներկայումս ՀՀ տարածքում բժիշկների լիցենզավորման գործընթաց չի իրականացվում, և նրանք աշխատում են իրենց ստացած դիպլոմների հիման վրա: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը։ Օրենքի պահանջով, լրացնելով անհրաժեշտ կրեդիտները, բժիշկները յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հավատարմագրվեն։ Այս գործընթացը կմեկնարկի 2021թվականից»,-նշել է Լևոն Ալթունյանը:
Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել էր իրավապահ մարմիններին՝ ՀՀ-ում բժշկական մասնագիտության դիպլոմների առուվաճառքի հարցով, ինչպես նաև խորհուրդ չէր տվել բժշկական կրթություն ստանալ ՀՀ-ում, նշելով, որ երկրի դիպլոմներն ու որակավորումը չեն ճանաչվելու։





