Հայկական ազգային կինոակադեմիայինախագահ է ընտրվել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Գլխավոր քարտուղար է վերընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:
Հայկական ազգային կինոակադեմիան 2016-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:
Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվեց ներկայացնել Անահիտ Աբադի «Եվա» դրաման, որը հանդիսանում է հայ-իրանական համատեղ արտադրություն:





