AM
12 Հոկտեմբեր 2017 - 11:26 AMT

Կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը կկանոնակարգվեն

Կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերն այսուհետ կկանոնակարգվեն: Նման որոշում է կայացրել կառավարությունը: Կկանոնակարգվեն շենքերի ճակատների հորինվածքների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները:

Որոշման համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Նպատակն է ունենալ ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային լուծումներով և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր:

Նախատեսվում է կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները:

Արդյունքում ակնկալվում է ՀՀ համայնքներում կառուցապատման գործառույթների իրականացման ընթացքում նպաստել պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի և ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովմանը, ճակատների ու տանիքների գունային լուծումների ներդաշնակությանը:

Վարչապետը հանձնարարել է հաշվի առնել նաև ներդրողի, շինարարի շահերը. «Չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որպեսզի տեղերում ավելի վարչարարության առիթ չտանք: Հատուկ ուշադրություն եք դարձնում, որպեսզի դա չբերի ինքնարժեքի թանկացման, չսահմանափկի նրանց ազատության աստիճանը»: