AM
3 Նոյեմբեր 2017 - 08:39 AMT

Lonely Planet-ը՝ անդրկովկասյան երթուղով Հայաստանից Վրաստան առաջին արշավի մասին

Ճանապարհորդական հայտնի ամսագիր Lonely Planet-ը անդրադարձել է Բրիստոլի համալսարանի ուսանող Վալ Իսմայիլիի՝ ամռանը Հայաստանից Վրաստան իրականացրած արշավին։ Իսմայիլին դարձել է անդրկովկասյան արշավային երթուղին հաղթահարած առաջին մարդը:

1500 կմ երկարությամբ և 8 շաբաթ տևողությամբ արշավը սկսվել է Հայաստանի Մեղրիից և ավարտվել է Վրաստանի Բաթումի քաղաքում:

«Երբ դեռևս ոչ ոք չի հաղթահարել այդ երթուղին, դու երբեք չես իմանա՝ ինչ կարող է պատահել ճանապարհին և որքան դժվար հաղթահարելի կլինի տարածքը: Հայաստանի Սյունիքի մարզը՝ ծաղիկներով, թռչուններով և բույսերով, որոնք ես նախկինում չէի տեսել, արշավի ամենագեղեցիկ մասն էր ինձ համար»-ամսագրին պատմել է Իսմայիլին:

Վրաստանի հարավարևմտյան Աջարիայում նրան հատկապես դուր են եկել փայտե ավանդական տները: Իսմայիլին գիշերել է անտառի խորքում լքված մի եկեղեցում, որը գտնվում էր 3000 մ բարձրության վրա:

«Արշավի ընթացքում ինձ համար առանձնահատուկ էր հյուրասիրությունը: Այս առումով մշակութային ընդհանրություններ կան Ալբանիայի հետ, որտեղից իմ ընտանիքն է: Մարդիկ ինձ միշտ հրավիրում էին հաց ուտելու, գիշերելու և ճանապարհի համար սննդով լի տոպրակ էին առաջարկում»,- պատմում է արշավականը:

Միջազգային արշավախմբերի նախաձեռնությամբ ստեղծված Անդրկովկասյան արշավուղին ձգվում է ամբողջ Կովկասով՝ կապելով տարածաշրջանի մի քանի տասնյակ երթուղիներ: