AM
14 Նոյեմբեր 2017 - 06:54 AMT

Դասադուլի մասնակիցներից 5-ը հացադուլ է հայտարարել

Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից 5-ը նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի նստարաններից մեկին անժամկետ հացադուլ է սկսել։

Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիակոյանը։

Առայժմ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն չունեն բարձրանալու և զրուցելու բողոքի մասնակից ուսանողների հետ։

Գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: