Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը: ՄԻՊ աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը: Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների, իրավունքների խախտման պատճառ։
Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրել հեռարձակել ժամը 24.00-ից մինչև 06.00-ն ներառյալ:
Առաջարկվում է վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելել՝ որևէ կերպ դիմել անչափահասներին, մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է, տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է, ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային կամ անձնական հաջողության, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Օրինագծով նախատեսվում է նաև արգելել գովազդում քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը:
Ըստ օրինագծի, վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։





