AM
14 Նոյեմբեր 2017 - 11:12 AMT

Օրինագծով զինվորական արձակուրդի կարգը հստակեցվել է

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով հստակեցվել են արձակուրդ տրամադրելու դեպքերը և բուժման մեջ գտնվելու ժամկետները: Այդ մասին հայտարարել է հիմնական զեկուցող` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ ԶաքարյաննԱզգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը` Արտակ Զաքարյանը թվարկել է օրենքում առկա նորամուծությունները, որոնք, ըստ նրա, նպատակ ունեն լուծելու տարիների ընթացքում կուտակված տարբեր խնդիրներ, հայտնում է Yerkir.am-ը:

Նա հիշեցրել է, որ առաջարկվող նախագծով` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը: Սակայն մինչ օրենքի` ուժի մեջ մտնելը ասպիրատուրայում տարկետում ստացած անձանց համար պահպանվելու է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:

Զաքարյանը տեղեկացրել է, որ տարկետման հիմքերից հանվել է ուսումը շարունակելու իրավունքը, որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետում ստանալու իրավունքով:

«Թափանցիկության, արդարության ապահովման նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ու բժշկական փորձաքննության գործընթացում: Փորձաքննության և հետազոտման կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկն այսուհետ սահմանվելու է կառավարության որոշմամբ՝ ներկայումս գործող` նախարարի հրամանով հաստատված կարգի փոխարեն»,- ասել է նա:

Նախատեսվող փոփոխությամբ՝ հստակեցվել են զորակոչի կազմակերպման ընթացքում զինվորական կոմիսարների իրավասությունները և այլն: Ամրագրվել են «Ես եմ» ծրագրի իրականացման հիմնական չափանիշները դրանց շրջանակներում զինվորական ծառայության հետ կապված ընթացակարգերը:

Բացի այդ` հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին պաշտոնի նշանակելու, զինվորական կոչում շնորհելու կարգերը:

Մինչդեռ, դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից 5-ը նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի նստարաններից մեկին անժամկետ հացադուլ է սկսել։