AM
28 Նոյեմբեր 2017 - 10:52 AMT

Վիգեն Սարգսյան. Բելառուսն ու ՀՀ-ն ՀԱՊԿ շրջանակում փոխադարձ պարտավորություններ ունեն

Բելառուսն ու ՀՀ-ն ՀԱՊԿ շրջանակում փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ի առավոտյան հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։

Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ փոխգործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձևաչափով Հայաստանում կայացած վերջին լայնամաշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները։

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ Անդրեյ Ռավկովի՝ հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ժողովուրդների միջև անխախտ բարեկամության վրա։ Իսկ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցում է կատարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Բելառուսի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ երկու պետությունների փոխգործակցության դրական արդյունքները տեսանելի են մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։ Նման այցերն, ըստ գեներալ-լեյտենանտ Ռավկովի, հրաշալի առիթ են պաշտպանական ոլորտում կուտակած փորձի փոխանակման և ապագային միտված ծրագրեր կազմելու համար։

Նախարար Սարգսյանը բելառուս գործընկերներին պատմել է Հայաստանի բանակաշինության ներկա փուլի մասին, ներկայացրել զինված ուժերում սկիզբ առած խոշորամաշտաբ բարեփոխումները, զինծառայությանն առնչվող օրենսդրական վերջին նախաձեռնություններն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը։

Հանդիպման ավարտին ՀՀ և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2018 թվականի ծրագիրը»։

Հայկական պատվիրակությունն այցելել է Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։