AM
29 Նոյեմբեր 2017 - 07:11 AMT

Հատուկ առաջարկ՝ «ՏաԹևեր» ճոպանուղուց. Սյունիքի, Արցախի բնակիչների և ուսանողների համար

Ձմեռային շրջանի համար Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, հատուկ առաջարկ է պատրաստել Սյունիքի, Արցախի բնակիչների և բոլոր ուսանողների համար։

Դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ն այս խմբերի համար «ՏաԹևեր» ճոպանուղու երկկողմանի տոմսը կարժենա 1500 դրամ, իսկ միակողմանին՝ 1000 դրամ։ Տոմս ձեռք բերելիս ուսանողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս, իսկ Սյունիքի ու Արցախի բնակիչները ՝ բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Մյուս բոլոր ուղևորների համար ձմռան ամիսներին ճոպանուղու երկկողմանի տոմսի արժեքը կլինի 3500, միակողմանին՝ 2500 դրամ։

«ՏաԹևեր» ճոպանուղին այս ձմեռ կաշխատի սովորական ժամանակացույցով՝ ուղևորներին սպասարկելով երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ը: Նախկինում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին ճոպանուղին գործում էր բացառապես հանգստյան և տոնական օրերին, հայտնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

Ճոպանուղու այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 29-ը։ Ամանորից հետո «ՏաԹևեր»-ը ուղևորներին կսպասարկի հունվարի 6-ից։

«ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

Գործարկումից՝ 2010թ․ հոկտեմբերից, մինչև այսօր ճոպանուղին տեղափոխել է ավելի քան 600 հազար ուղևոր։