AM
29 Նոյեմբեր 2017 - 08:08 AMT

Զոհված և հաշմանդամություն ունեցող 223 զինծառայողի ընտանիք բնակարան կստանա

ՀՀ կառավարությունը զոհված, մահացած և առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման ծրագրի շրջանակում 223 զինծառայողի ընտանիքի բնակարան հատկացնելու որոշում կընդունի:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում:

Գործադիրը պետական բյուջեից 1,5 մլրդ դրամ կհատկացնի, որից 974,7 մլն դրամով նախատեսվում է 76 բնակարան ձեռք բերել Երևան քաղաքում: Նախատեսվում է նաև 525,2 մլն դրամ արժեքով 147 ընտանիքի անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

Անհատույց պետական ֆինանսական աջակցության ծրագրով հաշվառման մեջ է գտնվում զոհված, մահացած և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների 2000 ընտանիք: Ընթացիկ տարում բնակարան կտրամադրվի կարիքավորների 11,2 %-ին: