AM
4 Դեկտեմբեր 2017 - 08:14 AMT

Ամեն յոթերորդ հայաստանցին հիմնականում հաց ու կարտոֆիլ է ուտում

Հայաստանում 2016 թվականին բնակչության 14,9%-ի սննդակարգի 70%-ից ավելին բաժին է ընկել հացամթերքին և կարտոֆիլին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նման սննդակարգ ունեցողների առավել բարձր բաժինը՝ 26,2%, Շիրակի մարզում է, ամենացածրը՝ 1,2%, Գեղարքունիքի մարզում։

Գործազուկրների շրջանում հիմնականում կարտոֆիլով ու հացով սնվողների թիվը հասնում է 22,6%-ի, բազմանդամ՝ 6-ից ավելի անդամ ունեցող ընտանիքներում՝ 24,4%-ի։ Հացն ու կորտոֆիլը նաև երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներից ամեն չորրորդի հիմնական սնունդն է։

2016-ին օրական 2100 կալորիայից ցածր է սպառել բնակչության մոտ 63%-ը: Սա չի նշանակում, սակայն, որ նշված թվից ցածր կիլոկալորիաներ օգտագործողները թերսնվում են: Սեռով, տարիքով, քաշով, աշխատանքով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ սննդամթերքի օրական սպառման նորման, որպես կանոն, անհատական է:

Օրական միջինը սպառված սննդամթերքի մեկ շնչին բաժին ընկած ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արմավիրի մարզում՝ 1780 կկալ, Շիրակի մարզում՝ 1969 կկալ, ամենաբարձրը՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 2305 կկալ:

Բազմանդամ՝ 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներում օրական միջինը 1714 կկալ սննդամթերք է սպառվել, երեք և ավելի երեխաներ (0-14տ) ունեցող ընտանիքներում՝ 1637 կկալ, 0-6 տարեկան երեխաներ ունեցողներում՝ 1744: