AM
4 Դեկտեմբեր 2017 - 11:21 AMT

Կաշառք տալու մասին երգչի հայտարարության հետքերով ՃՈ ևս մեկ տեսուչ է կալանավորվել

Ավտոտեսուչներին կաշառք տալու մասին երգիչ Սեբու Սիմոնյանի հայտարարության հետքերով ՃՈ ևս մեկ տեսուչ է կալանավորվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ոստիկաններն ընդունել են ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը:

Տ. Խաչատրյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել Հ. Գրիգորյանի հետ, ապա վերջինս ավտոմեքենայի ուղևորից ստացել է 56.800 դրամին համարժեք 100 եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկել:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանին 01.12.2017-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հիշյալ ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ընթերցեք նաև.Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ