Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով B+ «Կայուն» կանխատեսմամբ:
Երևանն այդ վարկանիշը ստանում է արդեն երրորդ անգամ անընդմեջ:
Աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը կարևոր ցուցիչ է միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար, քանի որ այդ կառույցների կողմից ներդրումային շուկա ընտրելիս հրապարակված նման ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։
«Ֆիչ Ռեյթինգս»-ը, որպես միջազգային առաջատար վարկանիշային գործակալություն, համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
2016-ի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:





