Հայաստանում նախատեսվում է ուսումնասիրել Գերմանիայում կիրառվող հրդեհաշիջման մեթոդաբանության նոր մեխանիզմներն ու մոտեցումները՝ դրանք Հայաստանում կիրառելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսիի հետ հանդիպմանը:
Նախարարը նշել է, որ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության առջև խնդիր է դրել հրշեջ-փրկարարներին վերապատրաստել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը տիրապետի պարամեդիկի հմտությունների և կարողանա տուժածին առաջին բժշկական օգնություն տրամադրել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների վերապատրաստման հնարավորությունները Գերմանիայի հակահրդեհային ծառայության միջոցով:
Կողմերը քննարկել են նաև կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, քիմիական և ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը. մասնավորապես՝ պրոֆեսիոնալ և կամավոր հակահրդեհային ծռայաությունների բյուջեի ծրագրավորումը և ձևավորումը դաշնային, երկրամասային և համայնքային մակարդակներում:
Բարձր գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու գործունեությունը՝ Ցիբսը նշեց, որ արդյունավետ համագործակցության եզրեր շատ կան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն և «911» հոգեբանական ծառայություն՝ ծանոթանալու վերջիններիս հագեցվածությանն ու կարողություններին:





