AM
25 Փետրվար 2008 - 15:39 AMT

ՀՀ նախագահն ու ԵԽՆԿ նախագահը քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչայանն այսօր ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: Սլովակիայի արտաքին գործերի նախարարի խոսքով, ընտրությունները եւս մեկ դրական քայլ էին դեպի երկրի ժողովրդավարական զարգացում: Հիմնվելով միջազգային կառույցների դիտարկումների եւ զեկույցների վրա, Յ.Կուբիշը նշել է, որ դրանցում արտացոլված է ընտրությունների որակը եւ միջազգային դիտորդների գնահատմամբ, դրանք մեկ քայլ առաջընթաց էին անցած տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ:

Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է հետընտրական զարգացումները, բողոքարկման եւ վերահաշվարկի գործընթացի արդյունքները: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը բարձր է գնահատել այս օրերին իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունը: Զրուցակիցները միակարծիք են եղել, որ ժողովրդավարությունն առաջին հերթին ենթադրում է հարգանք օրենքի նկատմամբ:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, կողմերը նշել են տնտեսական փոխգործակցության մեծ ներուժը եւ կարեւորել են գործարար կապերի ակտիվացումը: Յան Կուբիշը տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սլովակիայի կառավարության առնվազն երեք անդամների այցը Հայաստան, ինչը լուրջ խթան կհանդիսանա գործակցության հետագա զարգացման համար: