AM
11 Դեկտեմբեր 2017 - 12:04 AMT

Թամար Կապրելյանը կպայքարի «Եվրատեսիլ 2018»-ում ՀՀ-ն ներկայացնելու համար

«Եվրատեսիլ 2015»-ին Genealogy խմբի կազմում Հայաստանը ներկայացրած Թամար Կապրելյանը մտադիր է ևս մեկ անգամ ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Այդ նպատակով երգչուհին մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որի հաղթողը կմեկնի երգի այդ հեղինակավոր մրցույթին: Այդ մասին Կապրելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ներկայացրել եմ « Դեպի Եվրատեսիլի» մեր երգի վերնագիրը: Հարցազրույց եմ տվել Wiwiblogs-ին, սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»,-ասվում է նրա գրառման մեջ:

Երգը գրված է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» մոտիվներով և կոչվում է Poisoned՝ «Թույն առինք»:

Համարը կբեմադրի հայտնի խորեոգրաֆ և կրեատիվ տնօրեն Արթուր Գուրունլյանը, որն աշխատել է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Քայլի Մինոուգը, Girls Aloud խումբը, Շերիլ Քոուլը:

«Եվրատեսիլ 2018»-ը կանցնի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

2015-ին Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող Genealogy խումբը հանդես եկավ «Face The Shadow» երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»: Genealogy խումբը կազմվել էր ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում: Խումբը կատարել է «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից էր: Խմբի ձևավորման նպատակն էր մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:

Genealogy-ի անդամներն էին՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը: