Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և կլոր սեղանի ձևաչափով քննարկումներում արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ավարտված է համարում իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակելու է այն կետից, որտեղ դադար էր առել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նա հայտարարել է, որ պայքարը դադարել է հացադուլի ժամանակ և նորից սկսվում է հացադուլով:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ և շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա հայտնի օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որևիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել»,-ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը տեղեկացնում է նաև, որ պաշտպանության նախարարությունը, «հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, չի ընդունում գիտության ոլորտի վրա օրենքի ունեցած ծանր ազդեցության շուրջ մտահոգությունները և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար, իսկ ռազմարդյունաբերական համալիրի շրջանակներում պատրաստ է օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով կրթության շարունակականության խնդիրը»:
Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, որը նախատեսում է կառավարության որոշմամբ տարկետման իրավունքի տրամադրման հնարավորություն, կիրառելի է համարում միայն այն գիտությունների դեպքում, որոնք գերակա են ռազմարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն այն երիտասարդների համար, որոնք կդիտարկվեն հանճարեղ կամ բացառիկ։
Նոյեմբերի 15-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին Աժ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, որին հաջորդեցին կլոր սեղան-քննարկումներն իշխանությունների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Ըստ օրենքի,տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:





