AM
27 Փետրվար 2008 - 11:05 AMT

ԵԱՀԿ ԽՎ-ն հուսով է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կկարգավորվի խաղաղ ճանապարհով

Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը եւ Խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, համակարծիք էին ընտրություններ հաջորդ օրը հրապարակած իրենց նախնական զեկույցում: Դրան կհետեւի վերջնական զեկույցը, որում կարտացոլվի նաեւ հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը, եւ սա, անկասկած, որոշակի շփոթմունք կստեղծի, – հայտարարեց ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
Հարցին` արդյոք Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ երեկ քննարկվել է նաեւ որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալության փաստը, Գորան Լենմարկերը պատասխանեց. – «Ըստ կառավարության տված բացատրության, այդ ձերբակալությունների պատճառը զենքն է: Ես չեմ կարող ասել` ինչն է ճիշտ, ինչը` ոչ, ինձ ընդամենը սա են ասել, եւ արտասահմանցու համար դժվար է գնահատել»: Հուսով եմ, խաղաղ հանգուցալուծման ականատեսը կլինենք, եւ բռնություններ չեն լինիե, – նշեց Լենմարկերը` անդրադառնալով նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի ներկայացուցիչների հետ երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումներին. – «Որոշ ընդիմադիր կուսակցություններ վերջնական վճռի հասնելու համար ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան եւ ասում են, որ կենթարկվեն Սահմանադրական դատարանի որոշմանը»,-ասել է Լենմարկերը:

Գորան Լենմարկերը նաեւ նշեց, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ հատուկ զեկույցով հանդես չի գալու, այլ իր գնահատականներում հիմնվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի վրա, որը, ինչպես արդեն հայտարարվել է, պատրաստ կլինի ապրիլի կեսերին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ճանաչել են, որ փետրվարի 19-ին կայացած ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին: