Թուրքիայի Կեսարիա քաղաքի իշխանությունները 3,5 մլն թուրքական լիրա (ավելի քան $917.000) կհատկացնեն հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ Կեսարիայի շրջանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի թույլտվությունը ստանալուց հետո 2018-ի սկզբին վերջնական տեսքի կբերվի նախկին հայկական թաղամասում գտնվող եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ վերանորոգման բուն ախատանքները կտևեն մոտ 5 ամիս:
Նախատեսվում է վերականգնել նաև եկեղեցու բակում գտնվող 1868-ին Գյումուշյան եղբայրների հիմնադրված դպրոցի շենքը:
1191 թվականին հիմնադրված եկեղեցու վերկանագնման աշխատանքներ են իրականացվել 1663-ին, 1859-ին և 1885-ին: Աղբյուրը գրում է, որ եկեղեցին առանձնահատուկ է հայերի համար, քանի որ Գրիգոր Լուսավորիչը ծնվել է Կեսարիայում, և նրա առաջնորդությամբ 301 թվականին հայոց թագավոր Տրդատ 3-րդը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն:





