AM
7 Փետրվար 2018 - 08:52 AMT

ՄԻՊ. Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ:

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։

Հայտարարության մեջ ասվում է, որ հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ անթույլատրելի բարձր են նաև ծխախոտի օգտագործման կանոնների խախտման պարագայում առաջարկվող տուգանքների չափերը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջարկել է, որ սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը։

Նշվում է, որ նախագծով փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (բացօթյա կամ փակ), այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել: Դրանից բացի, նախագծում հստակ ամրագրված չեն բացառություններն, օրինակ՝ կապված զվարճանքի օբյեկտներում կամ այդպիսի վայրերում ծխողների համար տարածքներ առանձնացնելու հետ: Ըստ օրինագծի՝ բացօթյա տարածքներում ծխելու համար տարածքների հատկացման և կահավորման պահանջները սահմանվելու են լիազոր մարմինների հրամանով, սակայն այդ հրամանի ընդունման ժամկետներ ամրագրված չեն։ Ստացվում է, որ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելքը»:

Ըստ ՄԻՊ հայտարարության, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, օրինակ, եվրոպական երկրների մեծ մասը ծխախոտի օգտագործման «բացարձակ արգելքին» հասել է աստիճանական արգելքների միջոցով: Բացի այդ, մի շարք եվրոպական երկրների օրենքներ առ այսօր նախատեսում են ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման հնարավորություն։

Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է ծխախոտի ներմուծման դեպքում 800․000 դրամի չափով տուգանք կիրառել, եթե ծխախոտի նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցվել է։ Այս դրույթով նախատեսվող տուգանքի նշանակման չափը ոչ միայն անթույլատրելի բարձր է, այլ նաև նախատեսված չեն անձնական օգտագործման ծխախոտի ներմուծման պարագայում բացառություններ։ Կարող է ստացվել, որ այդպիսի բացառության բացակայության պարագայում տուգանք կարող է նշանակվել նաև, ասենք, անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված, սակայն նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտի համար։

Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր նկատառումները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն։ Դրանցից մի քանիսն իրենց արտացոլումը ստացել են հանրային քննարկման ներկայացված նախագծի նոր տարբերակում։ Համաձայն այդ առաջարկների՝ ձերբակալվածների, կալանավորվածների պահման վայրերում, զորամասերում և զինվորական հաստատություններում ծխելու և ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվելու են առաջինի դեպքում արդարադատության և առողջապահության նախարարությունների համապատասխան մարմինների սահմանած կարգով, երկրորդի դեպքում՝ պաշտպանության նախարարության։ Բացի այդ, ծխելը թույլատրվելու է այն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, որոնք համարվում են բնակելի տներ։

Կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված հակածխախոտային նոր օրենքի նախագծով տուգանաքներ են նախատեսվում նաև արգելված վայրերում էլեկտրական ծխախոտի օգտագործման համար:

Նախագծով արգելքը տարածվում է ծխախոտի փոխարինիչների՝ ծխախոտային արտադրատեսակին համարժեք, սակայն ծխախոտ չպարունակող ապրանքների վրա, այդ թվում և էլեկտրոնային եղանակով աշխատող սարքի պատկանելիքների՝ քարթրիջի, տարայի վրա:Խոսքը, սակայն, գնում է միայն այն փոխարինիչների մասին, որոնք աերոզոլ առաջացնում են լուծույթի այրման արդյունքում:

Ընթերցեք նաև.Երևանյան բարերից մեկում արգելել են ծխելը՝ չսպասելով օրենքի ընդունմանը