Սփյուռքի նախարարությունը 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, որի համար վերջիններիս վճարել է 1. 260.000 դրամ: Այդ մասին հայտնել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իսկույն ևեթ դադարեցնում է այդ անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկան:
«Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018-ի առաջին 5 ամիսների համար, որտեղ մի շարք ուշագրավ թվեր ու տվյալներ կային:
Մասնավորապես, ըստ բացվածքի՝ այս տարի սփյուռքի նախարարությունը ընդհանուր 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու անհամեմատ ավելի մեծ լսարան կապահովեր»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ բովանդակության մասով էլ կարելի է միանշանակ ասել՝ այն, ինչ կար հոդվածներում, այժմ կարելի է կարդալ նախարարի ֆեյսբուքյան ամենօրյա ամփոփումներում: «Կոնկրետ օրինակ. դիցուք, այսօր ընդունել եմ որևէ մի երկրի դեսպանի, և ահա այդ լուրն ընդամենը 2 պարբերությամբ ներկայացվում է հոդվածում և դրա համար մենք վճարում ենք 31.500 դրամ: Այսպիսով, այն բանի համար, ինչը կարելի էր անել սփյուռքի նախարարության ռեսուրսներով, առանց հավելյալ մեկ դրամ իսկ ծախսելու, Հայաստանի հարկատուներին արժեցել է 1 մլն դրամից ավելի, այն էլ՝ ընթացիկ տարվա միայն առաջին հինգ ամիսների համար»,-գրել է նախարարը:
Նա նշել է նաև, որ այդ անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկան դադարեցնելու շնորհիվ միայն 2018-ի համար պետական բյուջե կվերադարձվի 3 մլն 40 հազար դրամ:
Հայրապետյանը հավելել է նաև, որ այս հարցում խնդիրը լրատվամիջոցների հետ չէ, այլ «խնդիրը պետական բյուջեի մսխումն է ու դրամական միջոցների անարդյունավետ օգտագործումը, ինչը դեմ է նախարարության աշխատանքի փիլիսոփայությանն ու սկզբունքներին»:





