AM
17 Սեպտեմբեր 2008 - 12:53 AMT

ԵՄ հանձնակատար. «Ես լիովին օժանդակում եմ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը

Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդներն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը: «Ես լիովին օժանդակում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, խաղաղ լուծման ճանապարհը: Վերջին զինված հակամարտությունը տարածաշրջանում եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ուժի կիրառումը չի նպաստում հակամարտությունների լուծմանը»,- Բրյուսսելում գործնական այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ հանձնակատարը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների Ծրագրի շրջանակներում ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ուժեղացմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: