AM
30 Հոկտեմբեր 2008 - 14:43 AMT

Երեւանում խորհրդակցություններ են կայացել Հայաստանի եւ Բուլղարիայի ԱԳՆ միջեւ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` փոխնախարար Կիրակոսյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը: Այդ համատեքստում նա ընդգծեց երկկողմ տնտեսական համագործակցության ներուժն իր ողջ ծավալով օգտագործելու կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը շոշափել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ գոյություն ունի իրավապայմանագրային հարուստ դաշտ, եւ կողմերը պատրաստակամություն հայտնեցին այն ընդլայնելու: Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-բուլղարական համագործակցության հնարավորությունները: Կարեւորվեց նաեւ հայ-բուլղարական համագործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում: