AM
21 Նոյեմբեր 2008 - 09:54 AMT

Մոսկվա. 19 մարդու սպանության համար մեղադրվող սափրագլուխները համոզված են, որ անպատիժ կմնան

Մոսկվայի քաղաքային դատարանում ավարտին է մոտենում Արտուր Ռինոյի ու Պավել Սկաչեւսկու գլխավորած սափրագլուխների ավազակախմբի գործով դատավարությունը: Մեղադրյալներն 9 հոգի են: Նրանց մեծ մասը դեռեւս անչափահաս են, սակայն նրանց արդեն ներկայացվել է 19 սպանությունների եւ 13 մահափորձի մեղադրանք, որոնք կատարվել են ազգային ատելության եւ թշնամանքի հողի վրա: Դատապարտյալների մեծ մասը համոզված է իրենց անպատժելիության մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:

Ռինոն ու Սկաչեւսկին մոսկովյան բուհերի ուսանողներ էին, նրանց կասկածում էին հայաստանցի 45-ամյա ձեռնարկատերի սպանության մեջ: Քննության ընթացքում Արտուր Ռինոն խոստովանական ցուցմունքներ տվեց ազգային հողի վրա 37 հոգու սպանելու վերաբերյալ: Ստուգման ընթացքում նրա ցուցմունքների մեծ մասը հաստատվեց: Ավելի ուշ ձերբակալվեցին խմբի մյուս անդամները: Մոր հետ հանդիպումից հետո, Ռինոն հրաժավեց իր ցուցմունքներից: Սակայյն նրա մասնակցությունը սպանություններին արդեն ապացուցված էր:

Բացի այդ, այս գործի շրջանակներում մեղադրվում են այս խմբի եւս 7 անդամներ` 18-ամյա Ռոման Կուզինը, Վիտալի Նիկիտինը եւ Իվան Կիտայկինը, 17-ամյա Ալեքսանդր Անիկինն ու Դենիս Լավրինենկովը, 22-ամյա Սվետլանա Ավակումովան եւ 15-ամյա Նիկոլայ Դագաեւը: Բոլորին մեղադրանք է ներկայացվել «ազգային եւ ռասայական ատելության ու թշնամանքի հողի վրա խուլիգանական դրդումներից կազմակերպված խմբով երկու եւ ավելի անձնաց սպանություն», «մահափորձ», «ատելության եւ թշնամանքի բորբոքում» եւ «խուլիգանություն» հոդվածներով: Բացի այդ, մի շարք էպիզոդներով մի քանի մարդ մեղադրվում է կանխավ պայմանավորվածության համաձայն մի խումբ անձանց կողմից կատարված կողոպուտների համար:

Մոսկվայի դատախազությունը ձգտում է ապացուցել մեղադրյալների մեղսակցությունը գազանային սպանություններին, որոնք հանցագործները նկարահանում էին տեսաձայնագրիչի վրա` այդ կադրերը կանոնավոր կերպով տարածվում էին ինտերնետում:

Սափրագլուխների խմբավորումը ձերբակալվեց 2007 թվականի գարնանը: Քննության տվյալներով, նրանք գործել են մոտավորապես շուրջ մեկ տարի: Ընդ որում, երբեմն դեռահասները օրվա մեջ մի քանի հարձակում են կատարել: Խմբավորման անդամները ծանոթացել են ազգայնական ցանցային ֆորումներում` նրանք բոլորը «Ֆորմատ-18»-ի տիպի նեոֆաշիստական կազմակերպությունների կողմնակիցներ են եղել: