AM
17 Դեկտեմբեր 2008 - 13:19 AMT

Հրանուշ Հակոբյան. «Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ հասարակությունն ու սփյուռքը մեզնից շատ բան են սպասում, բայց մեզ ժամանակ է հարկավոր»

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը պետք է մեծ աշխատանք տանի Ռուսաստանի հայկական համայնքի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ռուսաստանը հսկայական երկիր է, եւ նրա ցանկացած մարզում հազարավոր հայեր են բնակվում: Հետեւաբար, մենք պետք է մեր ջանքերը գործադրենք յուրաքանչյուր ռուսական մարզի հայկական համայնքի հետ համագործակցությունը կարգավորելու համար եւ պետք է անենք դա տվյալ մարզի համայնքի առանձնահատկություններին համապատասխան: Հասկանալի է, որ Մոսկվայի համայնքի հետ մենք չենք աշխատելու այնպես, ինչպես Տյումենի մարզի հետ: Դա նշանակում է, որ մենք պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր մարզի հանդեպ, որտեղ հայեր են բնակվում»,- նշել է նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով, իրեն ուրախացնում է այն փաստը, որ ՌԴ-ում գոյություն ունի միացյալ կազմակերպություն` Ռուսաստանի հայերի Միությունը: Այդ կազմակերպության հետ միասին մենք կկարողանանք կողմնորոշել հայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը: «Եթե մենք կարողանայինք ակտիվացնել Ռուսաստանի հայերի Միության մարզային ներկայացուցչությունների աշխատանքները եւ համատեղել Միության աշխատանքը Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ կառույցների ջանքերի հետ, ապա մենք զգալի արդյունքների կհասնեինք»,- նկատել է Հրանուշ Հակոբյանը` ավելացնելով, որ դրա համար ժամանակ, համառություն եւ ջանք է հարկավոր: «Մենք նաեւ շատ լավ պատկերացնում ենք, որ հասարակությունն ու սփյուռքը մեզնից շատ բան են սպասում, բայց մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի ցույց տանք մեր ձեռքբերումները»,- ամփոփել է նախարարը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ