Անկարայի առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված խորհրդաժողովի աշխատանքին հայկական կողմից կմասնակցեն ՀՀ ԱԳՆ պետքարտուղար Շահեն Ավագյանն ու սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի ղեկավար Արմեն Եդիգարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: Խորհրդաժողովը տեղի կունենա Ստամբուլում հունվարի 26-27-ին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Հարավային Օսեթիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը:





