Ռուս ուղղափառ եկեղեցու` ՌՈՒԵ համընդհանուր հավաքում Համայն Ռուսիո եւ Մոսկվայի 16-րդ պատրիարք ընտրվեց Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը: Նրա օգտին քվեարկեցին 702 պատվիրակներից 508-ը: Նրա մրցակից, Կալուգայի եւ Բորովոի միտրոպոլիտ Կլիմենտը ստացավ 169 ձայն:
Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 702 մարդ: Ընտրության արարողությունը կայացել է Մոսկվայի Ամենափրկիչ Քրիստոսի եկեղեցու Եկեղեցական հավաքների սրահում:
Կիրակի օրը գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա պատրիարքի ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրվեց երեք թեկնածություն` Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլի, Կալուգայի եւ Բորովոի միտրոպոլիտ Կլիմենտի եւ Բելառուսական ուղղափառ եկեղեցու ղեկավար, Մինսկի ու Սլուցկի միտրոպալիտ Ֆիլարետի թեկնածությունները:
Սակայն Մինսկի ու Սլուցկի միտրոպալիտ Ֆիլարետը ինքնաբացարկ վերցրեց:
Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը (աշխարհիկ կյանքւմ Վլադիմիր Գունդյաեւ) ծնվել է 1946թ. նոյեմբերի 20-ին Լենինգրադում եկեղեցականի ընտանիքում: Ավարտել է Լենինգրադի հոգեւոր ճեմարանը եւ Լենինգրադի հոգեւոր ակադեմիան: Վանական է դարձել 1969թ. ապրիլի 3-ին:
Ըստ Reters. Ի դեմս 62-ամյա Կիրիլի Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն հոգեւորականությունը հավանություն հայտնեց բարենորոգիչին, ով հանդես է գալիս որպես Վատիկանի հետ առավել սերտ կապեր հաստատելու կողմնակից:
Միտրոպոլիտ Կիրիլը ՌՈՒԵ առաջնորդ կդառնա փետրվարի 1-ին:
Կաթոլիկ եկեղեցին շնորհավորել է Կիրիլին ՌՈՒԵ առաջնորդ դառնալու կապակցությամբ: Նորընտիր պատրիարքի շնորհավորանքներին է միացել նաեւ Մոսկվայում կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս Պաոլո Պեցցին եւ Ռուսաստանի գլխավոր ռաբի Բերլ Լազարը:
2008թ.դեկտեմբերի 5-ին վախճանվեց պատրիարք Ալեքսի Երկրորդը, որը գլխավորում էր ՌՈՒԵ-ն 1990թ. ի վեր:





