AM
14 Փետրվար 2009 - 07:38 AMT

ՀՀ ԱԳՆ. Մեթյու Բրայզայի հայտարարությունները խանգարում են Ղարաբաղի շուրջ բանակցություններին

Հասկանալի չէ, թե որն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության նպատակը, բայց տպավորություն է ստեղծվում, որ նման մեկնաբանություն կարելի էր անել միայն բանակցային գործընթացին խանգարելու համար, որն ընթանում է մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, մադրիդյան առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի երեք հավասարազոր սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն:

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրականացումն է: Այսօր բանակցություններն ընթանում են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ համաձայնագրի մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է»,- ասել է Բալայանը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտենում է ավարտին եւ այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Բրայզայի խոսքով, համաձայնագրում պետք է նշվի նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը: