Թուրքիայի նախկին դիվանագետները հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղված քննադատությամբ Դավոսում նրա վարքի պատճառով: Նրանց կարծիքով, թուրք-իսրայելական հարաբերություններին լուրջ հարված է հասցվել:
«Վարչապետ Էրդողանը Դավոսում շատ լուրջ սխալ կատարեց: Այսօր Թուրքիան մեծ գին է վճարում ՀԱՄԱՍ-ի շարժմանը աջակցելու համար, բայց վաղը այդ գինը կարող է աճել: Արտաքին քաղաքականության հարցում պետք է երեք անգամ մտածել նախքան որեւէ բան ասելը»,- հայտնել է նախկին դիվանագետ, ընդդիմական Հանրապետական կուսակցության (CHP) անդամ Օնուր Օյմենը:
ԱՄՆ-ում նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուի խոսքով, Դավոսի դեմարշը հրահրեց Իսրայելի գեներալի վերջին հայտարարությունը Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության մասին:
«Հենց սկզբից պարզ էր, որ Դավոսը հետեւանքներ է ունենալու, ինչը եւ մենք տեսնում ենք այսօր ՀԱՄԱՍ-ի չդադարող կրակի եւ ԱՄՆ հրեական լոբբիի բացասական ազդանշանների տեսքով: Թուրքիան, հնարավոր է, շահեց Գազայի կամ որոշ արաբական փողոցների համակրանքը, բայց դա այն չէ, ինչ պետք է»,- նշել է եւս մեկ դիվանագետ Ինալ Բաթուն:
Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, դիվանագետներին վիրավորել է նաեւ իրենց ուղղված Էրդողանի հայտարարությունը: «Դուք չեք կարող արտաքին քաղաքականություն վարել` զրուցելով ինչպես սրճարանում: Զայրույթը միշտ էլ կորուստների է բերում: Կառավարությունը ավելի լավ կաշխատի, եթե լսի այն, ինչ մենք ասում ենք»,- ասել է Օնուր Օյմենը:
2009թ. հունվարին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ վարչապետ Էրդողանը ցուցադրաբար լքեց ֆորումը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ լեզվակռվից հետո` նրան մեղադրելով «Գազայի սեկտորի ցեղասպանության» մեջ:
Անցյալ ուրբաթ գեներալ Ավի Միզրահին դատապարտեց Թուրքիայի կառավարությանը Գազայում ՑԱՀԱԼ-ի գործողությունները քննադատելու համար` Էրդողանին խորհուրդ տալով «դիմել սեփական երկրների պատմությանը եւ ուշադրությամբ ուսումնասիրել այն» նախքան Իսրայելին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելը` ակնհայտորեն ակնարկելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին:





