AM
18 Մարտ 2009 - 16:15 AMT

Հայաստանում հարկավոր է վերականգնել գեղխորհուրդների ինստիտուտը

Վերջին ժամանակներս շատ երգիչներ սկսել են ձայնագրվածքի օգնությամբ ելույթ ունենալու պատճառ բերել համերգային դահլիճների ցածրորակ տեխնիկան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրային ռադիոյի նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանը: «Ձայնագրվածք գործածելու արգելման մասին հրամանագիրը լավ կյանքից չի ստորագրվել, բայց վատ տեխնիկան չպետք է խոչընդոտ լինի որակյալ ելույթի համար, չէ՞ որ ամենալավ բարձրախոսների առկայությունն անգամ չի կարող երաշխավորել վատ երգչի փայլուն ելույթը: Ձայնագրվածքի գործածությունը արդարացված է միայն հեռուստատեսային նկարահանման դեպքում, երբ ձայնի որակը պետք է իդեալական լինի»,- ասել է նա:

Երգահան Մարտին Վարդազարյանն իր հերթին նկատել է, որ անցած Մարտի 8-ի համերգները «յուրահատուկ ցանց դարձան, որը մաղեց շատ կատարողների, եւ ամեն անգամ այդ պայմանական մաղը փոքրանալու է` արդյունքում թողնելով արժանիներին»: Նա նաեւ ավելացրել է, որ ձայնագրվածքի ստեղծումը շատ ջանքեր եւ տեխնիկական աշխատանք է պահանջում, ինչի վրա կողմնորոշվելով, անգամ տաղանդավոր երգիչները դադարեցնում են իրենց պրոֆեսիոնալ աճը:

երաժիշտների կարծիքով, այսօրվա հայկական էստրադայի ցածր որակի պատճառներից մեկը հանրությանը բավարարելու ուժեղ ցանկությունն է, ինչը բխում է պրովինցիալ մտածելակերպից: Մարտին Վարդազարյանի խոսքով, հեռուստաընկերություններում հարկավոր է գեղխորհուրդներ ստեղծել, որոնք խորհրդային ժամանակների գեղխորհուրդների նմանությամբ եթեր են թողնելու բացառապես որակյալ կատարողների եւ որակյալ երգեր: «Մշակույթը եւ բանակը պետք է հավասարապես ֆինանսավորվեն պետության կողմից»,- ընդգծել է Մարտին Վարդազարյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փետրվարի 25-ին հրամանագիր ստորագրեց, որն արգելում է որեւէ ձայնագրվածքի գործածումը պետական համերգների եւ միջոցառումների ժամանակ: