AM
20 Մարտ 2009 - 15:10 AMT

Տիգրան Սարգսյան. Կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումն անցավ շատ հետաքրքիր եւ անսովոր ձեւաչափով

Մարտի 20-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննարկումը կուսակցությունների առաջնորդների հետ: 48 կուսակցությունների ղեկավարները նախագահի եւ վարչապետի հետ քննարկեցին երկրում ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Հանդիպման ընթացքում կուսակցությունների ղեկավարները կարողացան իրենց հարցերն ուղղել պետության ղեկավարին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, հանդիպումն անցավ շատ հետաքրքիր եւ անսովոր ձեւաչափով, բավական կարեւոր եւ կառուցողական էր: «Բոլոր կուսակցություններին հնարավորություն ընձեռվեց արտահայտվելու, լսելու գործընկերների առաջարկները եւ միասին փնտրելու ելքի ճանապարհները ստեղծված իրադրությունից»,- նկատեց վարչապետը` կարեւորություն տալով նման հանդիպումներին, քանի որ դրանք օգնում են հասկանալ հանրապետության ներսում տիրող տրամադրությունները:

«Մենք ուշադրությամբ լսեցինք բոլոր առաջարկները, որոնք ներկայացվեցին: Կուսակցական ուժերի ներկայացուցիչները խոստացան հետագայում նույնպես ներկայացնել իրենց նկատողություններն ու առաջարկները: Իհարկե, բոլոր առաջարկները մանրամասն քննարկման եւ ուսումնասիրման կարիք ունեն: Հանդիպմանը հավաքված կուսակցությունների ղեկավարների առաջարկները, մասնավորապես, վերաբերում էին հարկային համակարգի, հատկացվող վարկերի ծավալների բարեփոխմանը, գների զսպման գործընթացին պետության միջամտելու անհրաժեշտությանը, երկրում սոլիդարության մթնոլորտի հաստատմանը, խոշոր բիզնեսի հսկողությանը»,- հաղորդեց Տիգրան Սարգսյանը: Նա հատկապես ընդգծեց այն բանի կարեւորությունը, որ չնայած կուսակցությունների միջեւ առկա գաղափարական տարբերություններին, կուսակցական ուժերի ղեկավարները անկեղծ էին իրենց առաջարկներում ու նկատողություններում: Տիգրան Սարգսյանը նկատեց, որ հանդիպման ընթացքում հնչեց նաեւ քննադատություն, որն ինքը բնութագրեց որպես կառուցողական: