AM
28 Մարտ 2009 - 15:03 AMT

Հայաստանի «Փոքր Մհեր» կրթահամալիրը 7 տարեկան է

Փոքր Մհեր կրթահամալիրն այսօր նշում է ստեղծման 7-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, մասնակցել է կրթօջախին նվիրված հանդիսությանը:

«Սա մի յուրօրինակ կրթօջախ է, որտեղ դաստիարակվում է ճշմարիտ հայրենասերների սերունդ, որն իր արժանի տեղը կգտնի մեր երկրի կյանքի ամենատարբեր ոլորտներում»,-ասել է Տիգրան Սարգսյանը` ողջունելով կրթահամալիրի դասախոսներին եւ սովորողներին:

«Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2001թ., կրթական գործունեությունն սկսվել է 2002թ. սեպտեմբերի 1-ից` 40 հայկազուններով (սովորողներով)։ Կրթահամալիրի գործունեության հիմնական նպատակներն են` կազմակերպել եւ իրականացնել երեխաների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնական ընդհանուր, միջին (լրիվ) եւ ռազմահայրենասիրական կրթական ծրագրեր։ Կրթահամալիրի սաներից շատերը զինծառայողների, զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են։