AM
18 Ապրիլ 2009 - 16:19 AMT

Հայաստանի նախագահը պարգեւատրել է Անդրանիկ Միհրանյանին Պատվո շքանշանով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող գործունեության համար Անդրանիկ Միհրանյանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում:

Անդրանիկ Միհրանյանը քաղաքագետ է, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ Հասարակական պալատի անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության պրոֆեսոր: 2008թ. հունվարից Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավարն է:

Պատվո շքանշանը հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերը պաշտպանելու, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ավանդի, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության ամրապնդման ու զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված զգալի ավանդի համար: