AM
21 Ապրիլ 2009 - 17:13 AMT

Երեւանում հարգել են Հոլոքոստի զոհերի հիշատակը

Երեւանում ապրիլի 21-ին հարգել են Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայաստանում Հրեական համայնքի ներկայացուցիչները մոմեր են վառել ի նշան 20-րդ դարի երկու ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի:

«Մենք միշտ պետք է հիշենք հրեա ժողովրդի մեծ ողբերգության մասին, որի ժամանակ շուրջ 6 մլն հրեա է մահացել,- հայտարարել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը,- մենք պետք է հարգենք մահացածների հիշատակը, որպեսզի այսուհետ նման հանցագործություններն աշխարհում չկրկնվեն»:

Նրա խոսքերով, հայ եւ հրեա ժողովուրդներն ընդհանուր ողբերգական անցյալ ունեն, եւ այսօր նրանք համարվում են արդարության համար պայքարողներ` Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ժխտման դեմ:

Իր հիշատակի խոսքում Ռիմմա Վարժապետյանը նաեւ նշեց, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ չկա հակասեմիտականություն: