AM
22 Ապրիլ 2009 - 13:47 AMT

Հայաստանի «առանց նախապայմանների» դիրքորոշումն այսօրվա դրությամբ ամենաճիշտն է

«1991թ. Հայաստանի անկախությունը հռչակելուց հետո աշխարհում շատերը սպասում էին, որ Երեւանն Անկարայի առջեւ նախապայմաններ կդնի, սակայն մենք վարվեցինք այլ կերպ, իմ կարծիքով` շատ խելացի: Մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների»,- հայ- թուրքական հարաբերությունների հարցով կլոր սեղանի ընթացքում Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում (ACNIS) հայտարարեց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ միշտ քննադատաբար է վերաբերվել Հայաստանի իշխանություններին, սակայն տվյալ հարցում նա ամբողջովին նրանց կողմից է: «Հայաստանի «առանց նախապայմանների» դիրքորոշումն այսօրվա դրությամբ ամենաճիշտն է: Սակայն մենք տեսնում ենք, որ Թուրքիան նորից ուզում է վերադառնալ անցյալին եւ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կապում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ, ինչին Հայաստանը, բնականաբար, երբեք չի գնա»,- նշել է Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ Հայաստանն ու Թուրքիան երբեք չեն ստորագրել միջկառավարական պայմանագիր, ամեն ինչ արվել է մեծ տերությունների կողմից: