AM
24 Ապրիլ 2009 - 07:26 AMT

Հայաստանի գերագույն ղեկավարությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Այսօր, Հայոց ցեղասպանության 94-ամյակի տարելիցի օրը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն ու Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր այրերը ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության անդամներ ու պատգամավորներ հարգել են Օսմանյան Թուրքիայում զոհվածների հիշատակը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեհանգստի արարողություն կատարեց 1,5 անմեղ զոհերի հոգիների համար:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հենց այս օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, հոգեւոր, տնտեսական ու քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, որի արդյունքում ոչնչացվեց հայ մշակույթի ականավոր գործիչների մի ողջ աստղաբույլ: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինպոլսում շուրջ 800 հայտնի հայեր ձերբակալվեցին, որոնցից մինչեւ ամռան ավարտն արդեն քչերն էին ողջ մնացել: Ընդամենը
1915-23թթ. սպանվել է շուրջ 1,5 մլն հայ եւ եւս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ-ի 42 նահանգներ: