AM
27 Ապրիլ 2009 - 11:47 AMT

Յուրի Մերզլյակովը Ղարաբաղի մասին. Ժողովրդի որոշումն ամենից վեր է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի շրջանակներում ՄԽ համանախագահները հագեցած հանդիպումներ են անցկացրել Երեւանում ու Բաքվում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են մայիսի 7-ին Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում հանդիպելու իրենց պատրաստակամությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: «Մենք հուսով ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Պրահայում կառուցողական եւ արդյունավետ կլինի, ինչպես եւ նախագահների անցկացրած մնացած հանդիպումները»,- նշել է ֆրանսիական համանախագահը:

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքով, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են հակամարտության կարգավորումն արագացնելու` կողմերի ցանկության մասին: Ռուս դիվանագետը ձեռնպահ մնաց ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման ժամկետներ հնչեցնելուց: «Հասկանալի է, որ միայն այն բանից հետո, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հասնեն հիմնական սկզբունքների ընդունմանը, կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մշակման մասին»,- նշել է ռուս համանախագահը: Նա ավելացրել է, որ եթե կայանա Ղարաբաղի շուրջ հանրաքվեն, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները չեն կարող չհամաձայնել նրանց հետ: «Ժողովրդի որոշումն ամենից վեր է»,- նկատել է Յուրի Մերզլյակովը:

Բեռնար Ֆասիեի խոսքով, համանախագահները զգում են, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը մտադիր են շարունակել բանակցությունները եւ հակված են Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությանը նախապատրաստելու հակամարտության կարգավորման հնարավորությանը: «Մեր գործունեության ընթացքում մենք կարողացանք ստեղծել վստահության մթնոլորտ: Մենք գտնում ենք, որ հակամարտության կողմերը նույնպես հասկանում են, որ փոխզիջումը` թեկուզեւ ոչ իդեալական, ավելի լավ է, քան պատերազմը»,- հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը: