Ադրբեջանը երբեք չի միջամտում այլ երկրների գործերին, ինքնիշխան պետությունների հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը: «Այս որոշումը կայացրել են Հայաստանն ու Թուրքիան: Ինչպես շարունակել իրենց հարաբերությունները, նրանց ընտրությունն է: Ինչ վերաբերում է այս հարցի պատմական արմատների որոշ մեկնաբանություններին, ապա սահմանը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ փակվել է 1993թ.: Ցանկանում եմ ասել, որ մենք մտադիր չենք թույլ տալ կամ խանգարել այդ երկրների հարաբերություններին: Միայն կասեմ, որ մենք եւս իրավունք ունենք վարել մեր քաղաքականությունը տարածաշրջանի իրողություններին համաձայն: Այսօր մենք հակասական տեղեկություններ ենք լսում տարբեր աղբյուրներից: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ «ճանապարհային քարտեզը» հիմնված է նախնական պայմանների վրա, մյուսները հայտարարում են, թե ոչ մի նախապայմանի մասին խոսք անգամ չկա: Բառախաղը շարունակվում է: Աշխարհը, տարածաշրջանը եւ ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանան, թե ինչ է կատարվում: Մենք ցանկանում ենք իմանալ, արդյոք ղարաբաղյան հարցը դուրս է մնացել հայ-թուրքական մերձեցման գործընթացից: Սա պարզ հարց է, որի համար մենք նույնքան պարզ պատասխան ենք ակնկալում»,-ասել է Ալիեւը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:





