AM
5 Մայիս 2009 - 14:09 AMT

Եվրոպական հարեւանության սկզբունքներն ընդունելի են Հայաստանի համար

«Եվրոպական ինտեգրում» կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ Եվրոպական հարեւանության քաղաքականությանը վերաբերող որոշ փակագծեր բացեց: «Համաձայն Եվրոպական հարեւանության քաղաքականության փաստաթղթերի տրամաբանության եւ ոգու, գոյություն ունեն անվտանգության երեք մոդելներ, որոնք պայմանականորեն նշվում են որպես անվտանգության կոշտ համակարգ, կիսակոշտ համակարգ եւ անվտանգության համակարգ` հիմնված իրավիճակի ստեղծման վրա, որը հարեւան երկրների հետաքրքրվածությունն է առաջացնում քո բարեկեցության նկատմամբ` որպես սեփական անվտանգության մասնիկների ձեւավորման պայման: Եվրոպական Միությունն ընտրել է «անվտանգության մեղմ համակարգը» եւ կիրառել է իր Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ»,- նշել է նա:

Բեկարյանը նշել է, որ գործող ցանկացած քաղաքականություն, այդ թվում եւ եվրոպական հարեւանության քաղաքականությունը, իրենից ներկայացնում է մարտահրավերների եւ հնարավորությունների փաթեթ: «Այս ձեւաչափում մի կողմից գործում է միասնական քաղաքականությունը, մյուս կողմից երկրների միջեւ մրցակցության դաշտ է ստեղծվում»,- ընդգծել է Բեկարյանը: