1994թ, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը կարողացան քաղաքական կամք դրսեւորել եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի մասին համաձայնագիր կնքել: Չնայած, որ վերջին 15 տարիների ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է կրակի դադարեցման ռեժիմը, այնուամենայնիվ, հակամարտության կողմերին հաջողվել է խաղաղություն պահպանել տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է արտաքին հարաբերությունների հարցերով ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Այսօր մենք ցանկանում ենք, որպեսզի Երեւանը, Ստեփանակերտը եւ Բաքուն ստորագրեն համաձայնագիր, որտեղ կամրագրվի կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, հակամարտության լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր նորմերի հիման վրա»,- նշել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորը: Նա նաեւ ավելացրել է, որ յդ համաձայնագրում պետք է հատկապես ընդգծված լինի ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին, որն ընթանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին Բիշկեկյան արձանագրությունը:





